ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի Facbook–ի էջը։
Հայտնել էինք, նաև որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: «Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր նաև պատգամավորներին 250 000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը: Արդյունքում` արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Պատգամավորները հրաժարվել էին ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարներից։