Իշխանությանը խստորեն զգուշացնում ենք` Իրանի հետ հարաբերությունները չփչացնել. Ռուստամյան

Արմեն Ռուստամյան
ՀՅԴ ներկայացուցչի խոսքով` Երևանը պետք է ամրապնդի հարաբերությունները դաշնակիցների հետ, որպեսզի դիմակայի տարածաշրջանային քարտեզը վերաձևելու թուրքական փորձերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանությունը չպետք է փչացնի Իրանի և մյուս դաշնակիցների հետ հարաբերությունները։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով` Թուրքիան հակամարտություններ է հրահրում հարևան բոլոր տարածաշրջաններում, Միջերկրական ծովի տարածաշրջանից մինչև Մերձավոր Արևելք, իսկ այժմ ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Իրանի հյուսիսում և Կասպից ծովում: Փորձագետները նույնիսկ խոսում են այն մասին, որ Անկարան ցանկանում է ազգամիջյան բախումներ հրահրել Իրանում (իրանախոս և թուրքալեզու բնակչության միջև): Այդ կապակցությամբ չափազանց կարևոր են Իրանի ղեկավարության հայտարարությունները, որոնք հրապարակվեցին անցյալ շաբաթ, և նրա գործողությունները երկրի հյուսիս-արևմուտքում:
Ռուստամյանը նշեց, որ ըստ հավաստի տարբեր հրապարա­կումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի
Իրանը փակել է օդային սահմանն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար
«Ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը, իսկ Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանել երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանել դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ», - ընդգծեց պատգամավորը:
Ադրբեջանում փակվել է Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը լարվածություն է մտցրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել էր երեխայի պահվածքի հետ:
Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն էլ երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար։