ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 1700 աշակերտների առջև: Կրթօջախի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հայկ Մարությանն ու Գնել Սանոսյանը Երևանի թիվ 135 դպրոցում
© Photo : press office of Yerevan municipality
Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։ Հիմնանորոգման ծրագրի նպատակն առաջին հերթին դպրոցի սեյսմիկ անվտանգության խնդրի լուծումն էր, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ հին շենքը հիմնովին քանդվել է և կառուցվել է նորը: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցում, զրուցել աշակերտների հետ, շնորհավորել ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:
Դպրոցը հիմնանորոգվել է 2016-2021 թվականներին՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։