ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Այսօր` հոկտեմբերի 5-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին, շեշտել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։
Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:
Հիշեցնենք` ավելի վաղ` սեպտեմբերի 24-ին, Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
Նրանք ի թիվս այլ հարցերի` քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։