ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ԱԺ պատվիրակության մեջ պարզվում է` նաև ընդդիմադիր պատգամավորներ կան։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ` միայն իշխանական պատգամավորներն են ընդգրկվել պատվիրակության կազմում: ԱԺ նախագահի խոսնակն ասել էր, թե սա մասնավոր հրավեր է ԱԺ նախագահին, և նա է որոշել, թե ում հետ մեկնի․ ընդդիմությունից որոշել է մարդ չտանել:
Սակայն երեկ հանդիպման լուսանկարներում երևացել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Պարզվեց՝ պատվիրակության կազմում է նաև Իշխան Զաքարյանը։ Թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորները հայտնվել Մոսկվայում, և ինչու նրանց անունները չէին ընդգրկվել պատվիրակության կազմի հրամանում, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Հրապարակին» ասել է․
«Խնդիրն այն է, որ այս և այլ այցերի վերաբերյալ առաջարկվել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ներկայացնել պատվիրակության կազմում ընդգրկվելու անդամների թեկնածություն: Դաշինքների կողմից մշտապես ներկայացվել են այն պատգամավորները, որոնց ելքը երկրից իրավապահ մարմինների կողմից սահմանափակված է, և հրաժարվել են նրանց փոխարինել այլ պատգամավորներով: Հրավեր եղել է «Հայաստան» դաշինքի անդամներին, նրանք, սակայն, հրաժարվել են միանալ ԱԺ պատվիրակությանը։ Հրավերն ընդունել է «Պատիվ ունեմ» դաշինքը, և նրանք ներկայացված են պատվիրակության կազմում»։
Հայտնել էինք, որ ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, պաշտոնական առաջին այցն է կատարել Ռուսաստան: Հանդիպումներ են ունեցել Սերգեյ Լավրովի, Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հյուրընկալվելու են նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին` Գարեգին Բ-ի եղբորը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։