ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի ներկայացուցչի` Բաքվում գտնվող գրասենյակը դադարեցրել է գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ պատճառը կորոնավիրուսային վարակն է։
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը լարվածություն է մտցրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել էր երեխայի պահվածքի հետ:
Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն էլ երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար։