ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցիների արձակած կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը գրանցվել է հոկտեմբերի 4-ին` ժամը 23:30-ի սահմաններում։
«Անձնակազմի շրջանում տուժածներ չկան»,– տեղեկացնում է ՊՆ–ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Միջպետական ճանապարհը վերաբացվեց բանակցությունների արդյունքում։ 44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և այդ տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։