Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկած եռակողմ զորավարժությունները նախևառաջ ուղղված են Իրանի դեմ, ուստի իրանական կողմն այդ ամենը շատ լավ պատկերացնելով`ադեկվատ հակազդեցություն է դրսևորում, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։
Նրա կարծիքով` Վրաստանի մասնակցությունը վերոհիշյալ զորավարժություններում պայմանավորված է այն հանգամանքով, որ արևմտյան կենտրոններն այդ երկիրն արևմտականացնելու և իրենց ուղեծիր բերելու գործում հաջողել են և Վրաստանը նույնիսկ երբեմն իր շահերի տրամաբանությանը դեմ գնալով է մասնակցում որոշ միջոցառումների։
Ջամալյանի համոզմամբ` Վրաստանի ինտենսիվ թրքացումը ստանում է հարաճուն տեմպեր, իսկ վրացական էլիտան այդ իրողությունը հավուր պատշաճի չի ընկալում կամ վախենում է բարձրաձայնել`շարունակելով ինտեգրված մնալ մի նախագծի մեջ, որը լայն առումով բերում է երկրի թրքացման։
«Վրաստանի կախվածությունը Թուրքիայից և արևմտյան կենտրոններից այնպիսին է, որ այդ երկիրն ուղղակի անխուսափելիորեն ընդգրկված է գործընթացներում, բայց եթե մենք մեր մեջքը շտկենք և վերահաստատենք մեր դերը տարածաշրջանում, ապա Վրաստանը շատ ավելի զգուշավոր կլինի իր արտաքին քաղաքական նախաձեռնություններում և նույնիսկ Հայաստանին իր շահերի համատեսքտում կդիտարկի որպես այլընտրանք»,– նշեց ռազմական վերլուծաբանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Վրաստանը մի կողմից ուզում է հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները հարթելու միջնորդական առաքելությամբ, բայց մյուս կողմից մասնակցում է հիշյալ զորավարժություններին, Ջամալյանն ընդգծեց, որ Վրաստանը փորձում է իր տեղը վերագտնել տարածաշրջանային գործընթացներում, սակայն Արևմուտքին հաջողվել է վրաց հասարակությանը հիմնավորապես դնել հակառուսական ուղեծրի մեջ, ինչը չի բխում մեր շահերից, և նույնիսկ Վրաստանի համատարած թրքացման ֆոնին Հայաստանի դաշնակից Ռուսաստանը համարվում է ավելի վտանգավոր։
Ջամալյանի դիտարկմամբ` քանի որ Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների անվան տակ ուղղակի կլանում է Վրաստանը հարաճուն տեմպերով, հարևան երկրից ընդգծված պրոհայկական դիրքորոշում ակնկալելն ուղակի միամտություն կլինի։
Նշենք, որ Թբիլիսիում մեկնարկել են «Eternity – 2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները։
Վարժանքների ընթացքում, որը բաղկացած է տեսական և գործնական մասերից, երեք երկրների զինծառայողներն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանության կազմակերպման խնդիրներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել Իրանը։