ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 517047 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 4-ի դրությամբ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352600 մարդ, երկրորդ դեղաչափը` 164447»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նաև ինֆոգրաֆիկա է կազմել, ըստ որի` պատվաստված անձանց մեծ մասը 31-65 տարեկան են։ Այս տարիքային խմբում առաջին դեղաչափը ստացել է պատվաստվածների 68.1 տոկոսը, երկրորդ դեղաչափը` 68.9 տոկոսը։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 627-ով և դարձել 265317։ Կորոնավիրուսից մահացել է 25 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5397 է։