Կարեն Մանուկյանը 2020-ի հոկտեմբերի 10-ին վիրավորվել է և իր մյուս վիրավոր ընկերների հետ մինչև նոյեմբերի 21-ը մնացել Հադրութի շրջանի Վանք գյուղի տներից մեկի տանիքում։ Տղաները չեն իմացել, որ պատերազմն ավարտվել է։ Նոյեմբերի 21-ին ադրբեջանցիները գտել են նրանց և գերեվարել։ Տղաները, բարեբախտաբար, արդեն հայրենիք են վերադարձել։
44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող Սիփանիկ գյուղում
© Sputnik / Asatur Yesayants
Արարատի մարզի Սիփանիկ գյուղում, ինչպես և մեր գյուղերից, քաղաքներից շատերում, 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող կա։ Այստեղ, սակայն, այն կառուցել է գերությունից վերադարձած Կարեն Մանուկյանն այն գումարներով, ինչը որպես աջակցություն ստացել է պետությունից։
20-ամյա Կարենը 3 ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Ծառայել է Ջրականում և շատերի պես մտածել է` մի քանի օր անց ռազմական գործողությունները դադարելու են։
«Մի քանի օր անց, սակայն, երբ արդեն տարածքային կորուստներ ու այդքան զոհեր ունեցանք` հասկացանք, որ սա ուրիշ բան է, ծավալներն ուրիշ են։ Այդ ընթացքում շատ ընկերներ կորցրի` ամենադժվարը դա էր։ Ջրականից Հադրութ տարան մեզ, և Վանք գյուղն էինք պաշտպանում. կռվել եմ մինչև հոկտեմբերի 10-ը, իսկ հետո 2 ոտքից վիրավորվել եմ»,–պատմում է Կարենը` պատերազմական օրերի մասին շատ բան չուզելով հիշել։
Կարեն Մանուկյան
© Sputnik / Asatur Yesayants
Հոկտեմբերի 10-ին Կարենենց խմբի տղաները շրջափակման մեջ են մնացել` ովքեր կարողացել են, ճեղքել են և վերադարձել, որոշներն էլ զոհվել են։ Իսկ գնդացրորդ Կարենը ու ևս 4 զինծառայող` նռնականետորդ Նարեկ Սիրունյանը, դիպուկահար Էրիկ Խաչատրյանը, հետախույզ Արայիկ Գալստյանը և հակատանկիստ Ռոբերտ Վարդանյանը, վիրավորվել են։ 5 ընկերներով Վանք գյուղի տներից մեկի տանիքում են թաքնվել և 5 օրվա ուտելիք են ունեցել. ամբողջ գյուղում միայն նրանք են մնացել։
Տղաներով կազմակերպել են ամեն ինչ` ինչ–որ քսուք են գտել, վնասվածքներին քսել և մեկը մյուսի վերքերը սավանով վիրակապել։ Սնունդը նույնպես բաժանել են օրերի մեջ` յուրաքանչյուր օր 3 գդալ պահածո պետք է ուտեին։ Կարենն ասում է, որ դժվարն այդ ամենը չէր, այլ այն, որ մեր զինվորների դիերն իրենց առջև` սարի լանջին էին, իսկ իրենք ի վիճակի չէին գնալ, տարհանել նրանց...
Արայիկ Մանուկյան
© Sputnik / Asatur Yesayants
«Վանք գյուղի հետ շատ եմ կապվել` ոնց որ հարազատ գյուղս լինի, հիմա շատ եմ կարոտում։ Գյուղում մինչև նոյեմբերի 21-ը մնացինք` չենք իմացել, որ պատերազմը վերջացել է. հրադադարի օրը` նոյեմբերի 9-ին ուժեղ կրակոցներ լսեցինք, և մտածեցինք` մերոնք են մտնում գյուղ։ Հույս ունեինք, որ գյուղն ազատագրելու են. մերոնց էինք սպասում, բայց ադրբեջանցիները եկան «մեր հետևից»»,–ասում է Կարենը։
Գերեվարվելուց հետո սկզբնական շրջանում Կարենը հույս չի ունեցել, որ ողջ է մնալու և մտածել է` հարցուփորձ անելուց հետո որոշ ժամանակ սպանելու են։ Իսկ ժամանակն այդպես էլ չի անցել` Կարենն ասում է, որ երբեք այդքան շատ իր հետ մենակ չէր մնացել։ Նա ինչպես պատերազմի, այնպես էլ գերության մեջ գտնվելու օրերից շատ խոսել չի ուզում, միայն 1-2 դրվագ է պատմում` ասելով, որ հունվարի 20-ին, երբ բանտապահն իմացել է, որ Կարենի ծննդյան օրն է, 4 գլանակ ծխախոտ է նվիրել։ Իսկ գերեվարության մեջ գտնվողի համար 4 գլանակը, ըստ Կարենի, մեծ բան է։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են ևս մեկ գերեվարվածի` Նարեկ Սիրունյանի խուց, իսկ երկուսով ժամանակն արդեն ավելի արագ է անցել։
Այս տարվա փետրվարի 9-ին Կարենը որոշել է բանտապահին խնդրել, որ տուն զանգի, և հերթական ստուգայցի ժամանակ նրան հայտնել է խնդրանքը։ Որոշ ժամանակ անց բանտապահը եկել ու նրան դուրս է հրավիրել. Կարենին թվացել է` գնում է զանգելու, սակայն երբ հարցրել է` ո՞ւր են գնում, պատասխանել են` «վատ տեղ»։
Արայիկ ու Կարեն Մանուկյանները
© Sputnik / Asatur Yesayants
«Փոշմանել էի, որ խնդրել եմ տուն զանգել... Տարան և ինչ–որ մեքենայի մեջ նստեցրին։ Կողքիս ադրբեջանցուն հարցրի, թե ո՞ւր են տանում ինձ, և սա էլ պատասխանեց` տուն ես գնում։ Չհավատացի` մտածելով, որ չի ուզում ճշմարտությունն իմանամ։ Ժամանակն այդ պահին էլ չէր անցնում, հետո մի կերպ հասանք ինչ–որ տեղ և երբ դրսում տեսա Ռուստամ Մուրադովին՝ ամեն ինչ պարզ էր»,–ասում է Կարենը։
Հայրենիք վերադառնալուց հետո էլ նրան ծանր օրեր են սպասվել. պատերազմի օրերին անմիջապես իր կողքին զոհվել էր Տիգրան անունով մի տղա, և նրա ծնողներն իմացել են, որ Կարենի հետ նույն վայրերում են եղել։ Տիգրանի ծնողներն այցելել են Կարենենց տուն` որդու մասին որևէ լուր իմանալու, քանի որ տեղյակ չեն եղել նրա զոհվելու մասին։ Կարենը պատմում է` Տիգրանի ծնողների աչքերում հույս է տեսել և շատ դժվար է եղել նայել նրանց ու ասել` Տիգրանն էլ չկա։ Դրանից 1 շաբաթ անց Մեծամորի դիահերձարանում գտել են Տիգրանի մարմինը...
Կարեն Մանուկյան
© Sputnik / Asatur Yesayants
Սակայն Կարենի հետ մեկ հետաքրքիր դեպք էլ է եղել. Բաքվում նույն խցում մնացող Նարեկը երևակայել է, թե իբր տան անդամներին նամակ է գրում և իրենց տրվող հացի պիտակի վրա ինչ–որ բաներ է գրել՝ ուղղված տան անդամներին։ Գերությունից վերադառնալուց հետո բոլորովին պատահաբար Կարենն այդ թուղթը գտել է իր գրպանում և փոխանցել Նարեկի ծնողներին։ Նարեկը, բարեբախտաբար, նույնպես հայրենիք է վերադարձել վերջերս։
Կարենն ասում է, որ հիմա մի քիչ անսովոր է սովորական կյանքով ապրելը, քանի որ անընդհատ հարցեր են պտտվում` ինչո՞ւ մեկը զոհվեց, իսկ ինքն ապրում է դեռ...
«Պարտավորված եմ ինձ զգում զոհվածների հարազատների առաջ։ Զոհվածների ծնողների հետ շատ եմ շփվել, ու ուզում եմ հասնել նրան, որ նրանց աչքերի տխրությունը վերածվի հպարտության։ Դա հնարավոր է միայն մեկ գնով` հետ բերենք այն տարածքները, որտեղ թափվել է նրանց տղաների արյունը։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,–ասում է Կարենը։
Կարենն անկեղծ նշում է` հիմա դեռ որևէ բանով զբաղվել չի ուզում. սովորել չի ուզում, նախ` սեր չունի, բացի այդ, միտքը չի կենտրոնանում ոչ մի բանի վրա։ Նա այժմ ծնողներին է օգնում` գյուղում փոքրիկ խանութ ունեն, դրանով է զբաղվում։
Արայիկ Մանուկյան
© Sputnik / Asatur Yesayants
Կարենի ծնողները ժամանակից շուտ են ծերացել... Նրա՝ 60-ի շեմը չհատած հայրը` Արայիկ Մանուկյանը, այս ընթացքում ինչ ասես, որ չի տեսել։ Նա որդուն նախ փնտրել է վիրավորների մեջ, իսկ հետո մեկնել Արցախ և աճյունների որոնողական աշխատանքներին մասնակցել։ Նոյեմբերի 22-ին, երբ հերթական անգամ Քարվաճառ է գնացել որոնողական խմբի հետ, ադրբեջանցիները նրան տեսանյութ են ուղարկել, որտեղ երևում էր` Կարենին գերեվարել են։
«Այս ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց ամենադժվարը որդուդ` անհետ կորածի կարգավիճակ ունենալն է, անորոշությունը։ Անբացատրելի տանջանք է դա։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է ծնողը գտնում իր երեխայի մասունքները և ուրախանում, որ վերջապես գտավ... Հիմա, երբ շփվում եմ անհետ կորածների ծնողների հետ, ոչ մի խոսք չեմ գտնում նրանց սփոփելու»,–ասում է Արայիկ Մանուկյանը։
Ի դեպ, Կարենին հայրենիք վերադառնալու համար մեծ ջանքեր է գործադրել հայրը` կառավարության առջև նստացույց է արել, հացադուլ է արել, վարչապետի և անգամ Արցախում Ռուստամ Մուրադովի հետ է հանդիպել։ Ասում է` Մուրադովը չի խոստացել, բայց հույս է տվել` ասելով, որ ամեն ինչ կանի Կարենին հայրենիք վերադարձնելու համար։
Կարեն Մանուկյանը հուշարձանի մոտ
© Sputnik / Asatur Yesayants
Իսկ Կարենի` հայրենիք վերադառնալու մասին ընտանիքը չի իմացել։ Սովորության համաձայն` Կարենի հայրը, լսելով, որ Բաքվից գերիներ են վերադառնում, գնացել է օդանավակայան. այնտեղ հայտարարել են գերիների անունները, և 5-րդ Կարենի անունն է եղել։ Հայրն ասում է` միշտ սպասել է որդու վերադարձին, սակայն երբ լսել է, որ նրա անունն ինքնաթիռից իջածների ցանկում է, այդ զգացողությանը հիմա որևէ անուն կամ բնութագրություն տալ չի կարող` կյանքում նման բան չի զգացել։
Նա, սովորության համաձայն, մինչև հիմա էլ գնում է օդանավակայան` ասելով, որ իր երազանքը մեկն է` գերիների ծնողների դեմքին մի օր հայտնվի այն ժպիտը, որ ինքն է ունեցել՝ տեսնելով հայրենի հողում գերությունից վերադարձած որդուն։