ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներից մեկի 11 ձին անցել է ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխքաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարո Քոչարյանը։
«Սահմանապահներին ենք ասել, որ 11 ձի է անցել ադրբեջանական կողմ` հետքերն են տանում թուրքի կողմ։ Սահմանապահներն այդ մասին ասել են ռուսներին, իսկ վերջիններս էլ միջամտել են. տեսնենք կստացվի՞ հետ բերել, թե ոչ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` ձիերը պատկանել են նույն անձին, և 2 ձի է մնացել այժմ։
Միաժամանակ, Զանգեզուր TV-ն էլ հայտնել է, որ ձիերը պատկանել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչ Գրիգոր Դարբինյանին։
«Բոլորն էլ գիտեն, որ շուռնուխցի Գոքորի մոտ ամենաուժեղ ձիերն են։ Տասը տարի պահել եմ։ Շատ խելոք ձիեր են, ձեռիցս հացն ուտում են», - ասում է Դարբինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Սյունիքում։
Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել են Որոտան գյուղում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Միջպետական ճանապարհը վերաբացվեց բանակցությունների արդյունքում, դրանց մասնակցում էր նաև ռուսական կողմը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և այդ տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։
Հայաստանյան իշխանություններն այս ճանապարհին որպես այլընտրանք Կապան - Աղվանի-Տաթև ճանապարհն են ցանկանում օգտագործել։