ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նոր գումարման Պետդումայի աշխատանքի մեկնարկը մոտ օրերս թույլ կտա վերսկսել միջխորհրդարանական համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև: Այս մասին այսօր Մոսկվայում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական եւ գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաև այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան:
«Պետդումայի ընտրությունները նոր են կայացել: Դուման օր օրի սկսում է աշխատել, սկսում է գործել լիարժեքորեն: Դա թույլ կտա վերսկսել լիարժեք համագործակցությունը խորհրդարանական ոլորտում»,-ասել է Լավրովը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Այցի շրջանակներում նախատեսված է Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-19 –ը` եռօրյա ռեժիմով: Պետական դումա անցան հինգ կուսակցություններ ՝ «Եդինայա Ռոսիա», Կոմկուս, Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունը, «Սպրավեդլիվայա Ռոսիա» և «Նոր մարդիկ» կուսակցությունները։