ՔԿ–ն 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների և անհետ կորածների նոր թիվ է հրապարակել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մինչ օրս Ադրբեջանի կողմից ՀՀ–ին են հանձնվել գերեվարված 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։ Ըստ այդմ, պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։
«Ադրբեջանը պետք է վերադարձնի ոչ միայն պաշտոնապես հաստատված գերիներին». Փաշինյան
Միաժամանակ, քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, դրա հետ կապված մի շարք հանգամանքների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: