Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ

Վերջին տուրի մյուս մենամարտերը դեռ շարունակվում են: Դրանց ավարտից հետո միայն պարզ կլինի հայազգի շախմատիստի գրաված տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի վերջին տուրում: Արոնյանը հաղթեց առաջին և երկրորդ պարտիաներում, իսկ երրորդում ոչ ոքի խաղաց: Այսպիսով, հայ գրոսմայստերը վաղաժամ հաղթանակ տարավ 2,5:0,5 հաշվով: Վերջին տուրի մյուս մենամարտերը դեռ շարունակվում են: Դրանց ավարտից հետո միայն պարզ կլինի հայազգի շախմատիստի գրաված տեղը։
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում խաղում են արագ շախմատի չորս պարտիաներից բաղկացած մրցախաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է լրացուցիչ ցուցանիշներով։
Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի շախմատիստին Champions Chess Tour–ի եզրափակիչում
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: