ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Իսպանական Elmira.es պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանին։
Հոդվածում նշվում է, որ մրցաշրջանի մեկնարկից ի վեր Հարոյանը դարձել է «Կադիսի» ամենադրական նորություններից մեկը։
«Հայ ֆուտբոլիստն աճում և ուժեղանում է օրեցօր և դարձել է Ալվարո Սերվերայի թիմի անբաժանելի մասը։ «Վալենսիայի» դեմ խաղում Հարոյանը ցույց տվեց, որ նա լավագույնս է հարմարվում «դեղինների» ֆուտբոլային գաղափարախոսությանն ու Լա լիգայում մրցակցությանը», - դրվատանքով գրում է կայքը։
Նշվում է, որ Հարոյանի հաջողությունները շատ սպասելի չէին, քանի որ նա ոչ թե երիտասարդ հեռանկարային խաղացող էր, այլ կայացած 30-ամյա ֆուտբոլիստ։ Սակայն աստիճանաբար ֆուտբոլիստը շատ լավ հարմարվել է իսպանական ակումբի ռիթմին։
Նշվում է նաև, որ Հարոյանը «Կադիս» ակումբում խաղում է Խոակին Կապառոսի առաջարկով, որը մարզում է Հայաստանի հավաքականը ու լավ գիտի ֆուտբոլիստին։
Տեղեկացնենք, որ հայ ֆուտբոլիստը Լա լիգայում մասնակցել է 7 հանդիպման։ Նա գոլի հեղինակ է դարձել «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, որը նրան դարձրել է Լա լիգայի պատմության մեջ առաջին գոլի հեղինակ դարձած հայաստանցին։