ԵՐԵՎԱՆ 4 հոկտեմբերի –Sputnik. Իրանը լավ հարաբերություններ ունի և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հայտնում է IRNA գործակալությունը։
Նա հավելել է, որ Իրանի կապերը որևէ երկրի հետ չեն սպառնում այլ երկրի շահերին:
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թեհրան երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով նախապես ծրագրված այց էր», - ասել է Խաթիբզադեն` մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` այս օրերի այցն Իրան:
Խաթիբզադեն տեղեկացրել է նաև, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ կքննարկվեն քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հարցեր:
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրան։