ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Իրանին խիստ մտահոգում է իսրայելական ռադիոլոկացիոն կայանների առկայությունը Կովսականում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը՝ մեկնաբանելով Թեհրանի ու Բաքվի միջև լարվածության աճը:
Փորձագետը նշեց, որ գնահատական տալու և եզրակացություններ անելու համար պետք է հետևել այս իրավիճակի տարբեր գործոններին ու համատեքստին:
«Նախ՝ Հարավային Կովկասում ազդեցիկ ուժերից մեկը, անկասկած, Ռուսաստանն է Հայաստանում և Արցախում իր ռազմական ներկայությամբ։ Այդ պատճառով երկու կողմերն էլ այսպես թե այնպես իրենց գործողությունները հարաբերակցում են ռուսական կողմի դիրքորոշման հետ», - ասաց Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ Մոսկվան մի կողմից պաշտոնապես չի միջամտում, սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած ռազմական գործողություն այսպես թե այնպես առնչվում է ՌԴ շահերին:
Այժմ Բաքուն ու Թեհրանն առանձին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում Մոսկվայի հետ, Մոսկվան շփում ունի նաև Թեհրանի ու Երևանի հետ: Այդուհանդերձ, Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումները չեն դադարեցվել։
«Այդ երկրների դեսպանատները շարունակում են բնականոն ռեժիմով աշխատել, դեսպանները հետ չեն կանչվել։ Եթե դա տեղի ունենա, ու դիվանագիտական կորպուսին տարհանեն, այդ ժամանակ կարելի է ասել, որ կողմերը մոտեցել են հակամարտության բացարձակապես կրիտիկական կետին», – նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով` չի կարելի հաշվի չառնել այսպես կոչված «կատարողի էքսցեսի» գործոնը։ Այսինքն՝ հակամարտությունը կարող է բռնկվել ինչ-որ սադրիչ դրսևորումների և գործողությունների դեպքում կամ եթե կողմերից մեկը մյուսի գործողությունները գնահատի որպես casus belli։
«Զորքերի նման կենտրոնացման, ծավալուն զորավարժությունների անցկացման դեպքում դա չի բացառվում։ Օրինակ՝ պատերազմի վերջում, երբ խոցվեց ռուսական ուղղաթիռը, դա կատարողի էքսցես էր», - նշեց Գևորգյանը։
Մյուս կողմից իրանական կողմը խիստ մտահոգված է իսրայելական ներկայության ուժեղացմամբ, խոսքը վերաբերում է նաև Կովսականում (Զանգելանում) և ընդհանրապես իր սահմանի մոտ ռադիոլոկացիոն կայաններին։ Թեհրանը դա անընդունելի է համարում:
Փորձագետը կարծում է, որ ապաէսկալացիան հնարավոր է, եթե Իրանին հաջողվի Բաքվի հետ համաձայնության հասնել իր սահմանների մոտ իսրայելական ներկայության զրոյացման շուրջ:
Հիշեցնենք` Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն է վարում Թեհրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ։ Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն օրերս հայտարարել էր, որ դրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար։