ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ մրցանակակիրների անուններն այսօր հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն:
Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում ջերմաստիճանին ու հպումներին:
Նոբելյան մրցանակի առաջին հայը կլիմայագետ Դորկ Սահակյանն է։
Արդեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան է, ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, 1986-ին տեղափոխվել է ԱՄՆ։
1990 թ.–ին բակալավրի աստիճան է ստացել Կալիֆոռնիական համալսարանում (Լոս Անջելես), գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտում: 1996 թվականին Պատապուտյանը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարան, որտեղ Լուի Ռայխարդտի հետ ուսումնասիրել է նյարդերի աճի գործոնները։
2000 թվականին Պատապուտյանը սկսել է աշխատել Սքրիպսի հետազոտական ինստիտուտում, որտեղ գլխավորել է նեյրոկենսաբանության կենտրոնը՝ աշխատելով իոնային ալիքների և ջերմաստիճանի ու հպման զգացողությանը մասնակցող ընկալիչների նույնականացման, ինչպես նաև պրոպրիոցեպցիայի և արյան ճնշման կարգավորման ուղղությամբ:
Պատապուտյանի վերջին պարգևների թվում են նաև Օլդեն Սփենսեր մրցանակը (2017 թվականին Դևիդ Գինտիի հետ համատեղ) և Ռոզենսթիլի մրցանակը (2019 թվականին Դևիդ Ջուլիուսի հետ համատեղ)՝ հիմնարար բժշկական հետազոտությունների բնագավառում ակնառու նվաճումների համար:
2017 - ին նա ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 2020 - ին՝ ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ։