Ե՞րբ է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. պատասխանում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մի քանի անգամ է պատրաստակամություն հայտնել հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չկա։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է հնարավոր այդ հանդիպումը կազմակերպել։
«Իրականում մենք ժամկետի և տեղի սահմանափակում չունենք. թերևս միակ սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում 3-րդ երկրների տարածքում։ Այդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում է տեղի ունենալու»,–ասաց Փաշինյանը։
«Ադրբեջանը պետք է վերադարձնի ոչ միայն պաշտոնապես հաստատված գերիներին». Փաշինյան
Նա հիշեցրեց, որ մի քանի անգամ է պատրաստակամություն հայտնել հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Փաշինյանը հիշեցրեց, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբն է կոմունիկացիաների բացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնում։ Նրա խոսքով, ցավոք, կոմունիկացիաները բացված չեն, քանի որ արվում են հայտարարություններ, որոնք դուրս են այս կոնտեքստից։ Տրամաբանորեն, ըստ Փաշինյանի, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհները պետք է բացված լինեին կամ բացման շեմին լինեին։

Նա հավելեց, որ կոմունիկացիաների բացման, սահմանազատման և սահամնագծման, ինչպես նաև այլ հարցերի լուծման համար դրական ազդեցություն կլինի հայ գերիների վերադարձը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվա է մեկնել երեկ` հոհտեմբերի 3–ին։
Տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետը կրկին անդրադարձել էր Ալիևի հետ հանդիպմանն ու գերիների վերադարձին։
Նա, մասնավորապես, ընդգծել էր, որ դեռ հուլիսին է ասել` պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։