ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում այս կերպ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին։
«Դու չես կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում»,– ասաց նա։
Քոչարյանի դիտարկմամբ 44-օրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում նվազել է, Թուրքիայի ռազմավարական գործընկեր Ադրբեջանինը` աճել։
«Ամենից զավեշտալին գիտե՞ք որն է. այսօր դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, այսօր դու այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում` առանց քո մասնակցության։ Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու վաղուց արդեն բանակցային գործընթացի օբյեկտ ես»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունն այլևս գոյություն չունի, այն լուծվել է, չնայած որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոսում են բանակցային սեղանի շուրջ կրկին վերադառնալու անհրաժեշտության մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ հայտարարում է, թե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է բացելու։