ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի կայքերն ու հավելվածները խափանվել են ամբողջ աշխարհում, արդեն մեկ ժամ է` խնդիրները չեն կարողանում լուծել։ Միլիոնավոր օգտատերեր տեղափոխվել են Twitter, Viber և Telegram։
Ծրագրերը խափանվել են երևանյան ժամանակով 19:44-ին։ Միայն 20:16-ին WhatsApp-ը խնդրի մասին պաշտոնապես տեղեկացրեց Twitter-ում, իսկ 20:22 գրառում կատարեց Facebook-ը։ Նշենք, որ Twitter-ը ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգին պատկանող այս բոլոր ընկերությունների ամենամեծ մրցակիցն է։
WhatsApp-ը և Facebook-ը Twitter-ում գրել են հետևյալ հաղորդագրությունը․
«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ այս պահին խնդիրներ ունեն ծրագրի հետ: Մենք աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ հնարավորինս շուտ վերադառնա նորմալ հուն։ Շնորհակալություն ձեր համբերության համար»։
Twitter-ից օգտվողները իսկական իրարանցում են սկսել այս գրառումների տակ։ «Բոյֆրենդիս հետ կռվում էի, էս ինչ արեցիք, հիմա ո՞նց եմ բացատրելու, որ ինքը սխալ էր», «Ես ախր նրան չհասցրի ասել, որ կինս տանն է, այսօր մեր տուն չգա․․․», «Սիրածս վերջապես ինձ նամակ էր ուղարկել, չհասցրի կարդալ, էս ամեն ինչը իմ դեմ է»,– հաղորդագրության մեկնաբանություններում գրել են նրանք։
Նշենք, որ Հայաստանում էլ կայքերի խափանումը պակաս իրարանցում չի առաջացրել։ Այստեղ էլ քննարկումները հիմնականում Telegram-ում են։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Telegram-ում հասցրեց բոլորին հանգստացնել՝ գրելով, որ խնդիրը կապված չէ որևէ մեկի համակարգչի կամ կապի հետ։