Բաքուն արձագանքել է Իրանի և Ադրբեջանի սահմանի վերաբերյալ Թեհրանի արած հայտարարություններին

Իրանն իր սահմանին սիոնիստական ռեժիմի ներկայության վերաբերյալ մտահոգությունը Բաքվին է փոխանցել դիվանագիտական ուղիներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է որակել իրանական կողմի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանա-իրանական սահմանի մոտ երրորդ ուժեր են տեղակայված: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ՝ մեկնաբանելով Իրանի արտգործնախարարի խոսքերը:
«Ադրբեջանի տարածքում ցանկացած ուժերի, ներառյալ ահաբեկչական տարրերի առկայությունը, որոնք կարող են վտանգ ներկայացնել մեր պետության կամ հարևան երկրների համար, չի կարող քննարկման առարկա լինել»,– ասել է Աբդուլլաևան։
Արարատ Միրզոյանն Իրան է մեկնում
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու իր երկրի սահմանների մոտ սադրիչ գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանում ու տարածաշրջանի սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունները:
Բացի այդ, նա ընդգծել է, որ Իրանն իր սահմանին սիոնիստական ռեժիմի ներկայության վերաբերյալ մտահոգությունը Բաքվին է փոխանցել դիվանագիտական ուղիներով։
Այդուհանդերձ, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, նման պնդումներն անհիմն են, և դրանց վերաբերյալ ադրբեջանական կողմին որևէ ապացույց չի ներկայացվել:
Իրանի ակտիվացմանը նպաստում են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները. Ահարոն Վարդանյան
Աբդուլլաևան առիթը բաց չի թողել հերթական անգամ նաև Հայաստանի նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու։ Նա, մասնավորապես, պնդել է, թե, իբր, Հայաստանն էլ Ադրբեջանի սահմանի 130 կմ երկարությամբ հատվածն է օկուպացրել ու նաև հավելել է, թե իրենք տարիներ շարունակ այդքան կոշտ արձագանք չեն լսել «իրենց բարեկամ պետությունից»` իրենց սահմանի մի մասի գրավման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 12-ից ադրբեջանցիները Իրանի բեռնատարներից «մաքսավճար» են պահանջում Կապան-Գորիս մայրուղով երթևեկելու համար։ Ավելին` երկու իրանցի վարորդներ էին ձերբակալվել։
Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 3–ին հայտարարել էր, թե Իրանն Ադրբեջանին հստակ ասել է, որ ուշադրությամբ հետևում է զարգացումներին և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ընդունելի չի համարում։
Նշենք նաև, որ այս օրերին Իրանի հյուսիսում` ադրբեջանա-իրանական սահմանի մոտ, զորավարժություններ են ընթանում։ Սա ադրբեջանական կողմի սրտով չէ, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վրդովմունքն էր հայտնել` միաժամանակ «զարմանալով», թե ինչու դրանք ավելի վաղ չեն իրականացվել, երբ սահմանի այն կողմում գտնվող տարածքները վերահսկվում էին հայկական ԶՈւ–ի կողմից:
Ի պատասխան Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժությունները երկրի ինքնիշխան իրավունքն են: Նա միաժամանակ հիշեցրել է Ադրբեջանում Իսրայելի ներկայության մասին: