ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Տեղեկությունը հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ: