ՌԱԴԻՈ

Արցախին վերաբերող հարցում Ռոբերտ Քոչարյանի հետ չհամաձայնվելն անհնար է. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընդդիմության մարտավարությանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, ըստ որի` ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։
Sputnik
Հայաստանն այլևս ոչ միայն Արցախի, այլև իր անվտանգության երաշխավորը չէ, որովհետև իշխանությունները հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ երկրի սահմանները պաշտպանելու համար հրավիրեցին օտարերկրյա տարբեր զինված ուժերի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ռոբերտ Քոչարյանն ասաց` ինչպես են փողոցային պայքար տանելու և որն է դրա նպատակը
«Հայաստանի իշխանությունն այսօր փորձում է իր պատկերացմամբ գնալ ամենահեշտ ճանապարհով` ՀՀ սահմանների պաշտպանության խնդիրը հանձնելով այլ երկրների ուժային կառույցներին, հետևաբար այս պարագայում Ռոբերտ Քոչարյանի հետ չհամաձայնվելն անհնար է։ Հայաստանն իսկապես ձեռքերը լվացել է Արցախից։ Բավական է հիշել` երբ Արցախի հետ կապված ինչ–որ հարց է լինում, ՀՀ իշխանությունն ասում է, որ այդ դեպքում պետք է դիմել ռուս խաղաղապահներին»,– նշեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցված՝ ընդդիմության հետագա քայլերին ու մարտավարությանը` Հակոբյանն ընդգծեց, որ ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը մի քանի անգամ հայտարարեց, որ իր գործունեության համար տեսնում է երեք հարթակ` խորհրդարան, փողոց և մեդիա դաշտ։ Քաղտեխնոլոգը հիշեցրեց Քոչարյանի խոսքը, որ ընդդիմությունը փորձում է վերստին ակտիվացնել փողոցը։ Ըստ նրա` հիմա ակումուլյատիվ սեզոն է, հետևաբար ուշադրությունը կոնսոլիդացնում են հրատապ խնդիրների վրա` ակտիվացնելով նախևառաջ իրենց ընտրազանգվածին։
«ՀՀ իշխանությունները լվանում են ձեռքերն Արցախից». Ռոբերտ Քոչարյան
«Փողոց ասելիս սովորաբար գերիշխում է այն կարծրատիպը, թե խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է, բայց եթե նույնիսկ իրենց ընտրազանգվածի տասը տոկոսին կարողանան մշտապես տոնուսի մեջ պահել ու դրա կեսին էլ նախապատրաստել ակտիվ գործողությունների, ապա Հայաստանում հնարավոր կլինի էականորեն փոխել իրավիճակը` այդ թվում դնելով նաև իշխանափոխության հարց։ Հիմա խնդիրն այն է, որ պետք է կարողանալ սեփական ընտրազանգվածին փողոց հանել»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի դիտարկմամբ` փողոցի միջոցով իշխանափոխության հասնելը հնարավոր է լուծել ավելի փոքր զանգվածային ռեսուրսներով, հետևաբար «Հայաստան» դաշինքի ու ընդհանրապես ընդդիմության աշխատանքը պետք է լինի թիրախային, սեփական ընտրազանգվածի հետ։
Նշենք, որ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները խուսափում են խոսել Արցախի մասին, չեն խոսում կարգավորման տարբերակների մասին ընդհանրապես, «լվանում են ձեռքերն Արցախից»։
Միավորվե՞լ ՌԴ–ին, թե՞ մնալ անկախ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ` որոշ ժամանակ անց ՀՀ հանրությունը ևս Արցախի հետ կապված բոլոր հարցերը կսկսի կապել Ռուսաստանի հետ ու հնարավոր բոլոր բացասական զարգացումները ևս կվերագրի ռուսական կողմին։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ եթե իրենց չհաջողվի փողոցային պայքար ծավալել, դա կնշանակի, որ կա՛մ ճիշտ բառապաշար չեն գտել ժողովրդի հետ խոսելու, կա՛մ ժողովրդի մեծ մասը տեղի ունեցած ամեն ինչ հարթ է ընդունում։