ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա օտարերկրյա միջամտությանը՝ խզել իր հարաբերությունները հարևան երկրների հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։
«Այսօր մենք համաձայնության ենք եկել՝ զարգացնել տնտեսության, առևտրի և զբոսաշրջության բոլոր ոլորտներում համագործակցությունը: Առևտուրն ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին շահագործելը երկու երկրի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են»,- ասել է իրանցի նախարարը:
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ իրենք մշակել են գործընթաց, որը կաշխուժացնի երկու երկրի տարանցիկ ճանապարհներն ու երթուղիները։ Իրանի ԱԳ նախարարը նաև վստահեցրել է, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրի հարաբերություններում:
«Մեր տարածաշրջանը և մեր հյուսիսային հարևանները ծանր իրավիճակում են, հատկապես տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների և ահաբեկիչների ներկայության պատճառով»,- հավելել է պաշտոնյան՝ ընդգծելով. «Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրա պետություններին ազդել Իրանի հարաբերությունների վրա իր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ»,- նշել է Ամիր-Աբդոլլահիանը։
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը կայացել է հոկտեմբերի 4-ին։