Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեր զիջումներն ավելի շատ քաղաքական վերնախավի որոշումներն են, հայ ժողովուրդը չի ընդունում պարտվողական մոտեցումն ու ամեն ինչ Ադրբեջանին հանձնելու դիրքորոշումը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Ադրբեջանը փորձում է շարունակաբար ազդել Հայաստանի վրա ու զրկել նրան իր սահմաններն ավելի ամուր և ապահով դարձնելու հնարավորությունից։ Ադրբեջանը փորձում է նաև կանխել հետագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա արծարծումը»,– նշեց ադրբեջանագետը։
Դավթյանի կարծիքով` պատերազմից հետո ՀՀ–ի կարգավիճակն ու դիրքը հայկական կողմին թույլ չի տալիս ինչ–որ բան թելադրել Ալիևին, հետևաբար նա ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Փաշինյանին։ Բայց հիմա բավականին դժվար է Ադրբեջանի հետ գալ ինչ–ինչ համաձայնության, որովհետև Բաքուն ցանկանում է հասնել միայն իր համար նպաստավոր ելքի։
Նշենք, որ արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի առիթով «FRANCE 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիան, ԱՄՆ–ը և Ռուսաստանը) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը չի առարկի։ Ալիևը, սակայն, բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը։ Նրա մեկնաբանմամբ, ինքն այդ առաջարկն արել էր տարիներ շարունակ, այժմ այն «բանակցային սեղանից դուրս է», և թե՛ Հայաստանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է ընդունեն այդ իրողությունը: