ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում 20 քաղաքներում ՏԻՄընտրությունների երկրորդ փուլ կլինի, որը նշանակվել է հոկտեմբերի 30-ին: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Երկրորդ փուլը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և այնպիսի խոշոր ՏԻՄ-երում, ինչպիսիք են Ռուսթավին, Փոթին, Բաթումին և Քութայիսին: Գլխավոր «մենամարտը» կընթանա Թբիլիսիում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչ Կախա Կալաձեն և «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Նիկա Մելիան:
Այս պահի հաշվարկներով` Թբիլիսիում ձայների 45,28 տոկոսը ստացել է Կալաձեն, Մելիան ստացել է 34,27 տոկոսը: Սակայն թեկնածուներից որևէ մեկն այդպես էլ չի հաղթահարել 51 տոկոս շեմը, այդ պատճառով էլ երկրորդ փուլ է նշանակվել։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում համամասնական ընտրակարգով ամենաշատ ձայները ստացել է «Վրացական երազանքը»՝ 47,6 տոկոս , որին հաջորդում է «Միասնական ազգային շարժումը»՝ 30,51 տոկոս: Երրորդ տեղում է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է՝ 7,62 տոկոս:
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, որոնք, ըստ վերլուծաբանների, հանգուցային նշանակություն կունենան երկրի հետագա քաղաքական զարգացումների համար։
Չի բացառվում, որ հաջորդ տարի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որոնց արդյունքները կարող են ուրվագծվել արդեն այսօրվա ՏԻՄ ընտրություններում։