ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իրանն Ադրբեջանին հստակ ասել է, որ ուշադրությամբ հետևում է զարգացումներին և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ընդունելի չի համարում։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նման կարծիք է հայտնել հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, տեղեկանում ենք Farsnews.ir-ից։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել տարածաշրջան։
«Ադրբեջանի հետ զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու։ Այսինքն` տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել»,–ասել է Աբդոլլահիանը։
Նա անդրադարձել է նաև իրանցի 2 վարորդների ձերբակալման փաստին` նշելով, որ Նյու Յորքում հանդիպելով Ադրբեջանի արտգործնախարարի հետ, իր մտահոգությունն է հայտնել այդ հարցի առնչությամբ։
«Ես հստակ ասացի, որ եթե որոշվել է հարկեր գանձել, ապա դիվանագիտական խողովակներով, պետք է մեզ տեղեկացնեին։ Չնայած այդ ամենին, իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, նման վարքագիծը չի կարող դրականորեն մեկնաբանվել»,–ասել է Աբդոլլահիանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից ադրբեջանցիները Իրանի բեռնատարներից «մաքսավճար» են պահանջում Կապան-Գորիս մայրուղով երթևեկելու համար։ Ավելին` երկու իրանցի վարորդներ էին ձերբակալվել։
Նախարարը հավելել է, որ վերջին օրերին Իրանում անցկացվող զորավարժությունների միջոցով սիոնիստներին ու ահաբեկիչներին են ուղերձ հղել։
Նշենք, որ այս օրերին Իրանի հյուսիսում` ադրբեջանա-իրանական սահմանի մոտ զորավարժություններ են ընթանում։ Սա ադրբեջանական կողմի սրտով չէ, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վրդովմունքն էր հայտնել սահմանին իրանական զորավարժություններից` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չեն իրականացվել, երբ սահմանի այն կողմում գտնվող տարածքները վերահսկվում էին հայկական ԶՈւ կողմից:
Ի պատասխան ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժությունները երկրի ինքնիշխան իրավունքն են: Նա միաժամանակ հիշեցրել է Ադրբեջանում Իսրայելի ներկայության մասին: