ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հայկական բեռնատարները շարունակում են մնալ Վրաստանի տարածքում, սակայն պատճառը նախկինի պես դեպի Ռուսաստան գնացող տրանսպորտային միջոցների մեծ հոսքն է։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Վրաստանի տարածքում պահպանվում է «Վերին Լարս» անցակետով Ռուսաստան գնացող տրանսպորտային միջոցների կուտակումը: Ավելի վաղ Թանանյանն արդեն պարզաբանել էր, որ իրավիճակը ստեղծվել է Թուրքիայի եկող տրանսպորտային միջոցների մեծ հոսքի պատճառով։
««Վերին Լարսն» աշխատում է պլանային ռեժիմով՝ առանց որևէ խնդրի։ Թողունակությունը պահպանվում է», - ասաց Թանանյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Վրաստանի տարածքում իսկապես հսկայական քանակությամբ մեքենաներ են կուտակվել, դրանց թվում կան հայ փոխադրողներ: Թանանյանը հասկանում է հայ վարորդների դժգոհությունը, քանի որ շատերը շուտ փչացող մթերք են տանում։
Թանանյանն ընդգծեց, որ նույնիսկ նման իրավիճակում ամեն օր շուրջ 100 հայկական բեռնատար Վրաստանից Ռուսաստան է գնում: Այն դեպքում, երբ անցակետով օրական 400-430 բեռնատար է անցնում։
Թանանյանը նշեց, որ ՀՀ ՊԵԿ-ը, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը գործուն քայլեր են ձեռնարկում իրավիճակի արագ կարգավորման ուղղությամբ:
Նշենք, որ անցակետի թողունակությունը օրական 100 բեռնատար ու նույնքան մարդատար ավտոմեքենա է։ Մինչդեռ, ներկայումս միայն Վրաստանից Ռուսաստան մաքսավորներն անցկացնում են շուրջ 430 բեռնատար ու 250 մարդատար տրանսպորտային միջոց:
Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունն արդեն կոչ էր արել վարորդներին Վրաստան մեկնել ոչ թե «Բագրատաշեն-Սադախլո», այլ «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետով։