ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի թուրքա–ադրբեջանական` «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը։ Տեղեկությունը հրապարակել է Аpa.az-ը։
«Զորավարժությունների նպատակն է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը։ Մենք շարունակելու ենք աջակցել ադրբեջանցի եղբայրներին մեր բոլոր հնարավորություններով, ինչպես մինչ օրս արել ենք։ Մենք միասին են ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահերին և հավատարիմ ենք «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգին»,–ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փինար Կարան։
Նա հայտնել է նաև, որ ադրբեջանական բանակին աջակցություն ցուցաբերելու նպատակով Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մասնակցել ականազերծմանն ու «ազատագրված տարածքներում» զորավարժանքներին։
Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել: Սեպտեմբերին էլ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ էին անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում: