ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային փոքրամասնություններն աշխարհի ժողովուրդների մի մասնիկն են մեր բնակչության մեջ։ ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Ազգային փոքրամասնություններն իրենց ազգային ինքնության ուրույն վարքը, մշակույթն ու ապրելակերպն են բերել մեր երկիր և դարձել այս երկրի հավատարիմ քաղաքացիները՝ հաղորդակից լինելով մեր դժվարին և ուրախ օրերին: Պահպանելով և զարգացնելով ձեր լեզուն, ազգային և հոգևոր արժեքներն ու մշակույթը՝ դուք միաժամանակ հարստացնում եք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունը»,–ասվում է Փաշինյանի ուղերձում։
Հիշեցնենք, որ համաձայն 2021 թվականի մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխության՝ Հայաստանի «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց մի նոր տոն՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: