ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2 րոպե 15 վայրկյանում բացահայտ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեց հնդիկ Ռավինդեր Ռավինդերին և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությունում իր ելույթները սկսել էր հոկտեմբերի 2-ին։ Հաղթելով ղազախ Ադլան Ասկարովին, ապա նաև Ալիբեգ Ալիբոգովին` հայ ըմբիշը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը մեկ վրիպումը զրկեց Արսենին եզրափակիչի ուղեգրից։ Այդ վրիպումից օգտվեց ամերիկացի Դեյտոն Դուեյնը։
Ստանալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն` հայ ըմբիշը անկասելի էր երրորդ տեղի համար գոտեմարտում։
Հոկտեմբերի 3-ին աշխարհի առաջնությունում մեկնարկեցին Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Աշխարհի անհատական գավաթի խաղարկության չեմպիոն Վազգեն Թևանյանը առաջին գոտեմարտում 8։0 հաշվով առավելության հասավ բրիտանացի Ջորջ Էնտոնի Ռեմի նկատմամբ։ Հաջորդ գոտեմարտում Վագենը 5։1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Մայքլ Դիակոմիհալիսին և քառորդ եզրափակիչում` ծանրագույն գոտեմարտում 1։2 հաշվով պարտվեց մոնղոլ Տուլգա Տումուր Օչիրին։ Ու քանի որ մոնղոլ ըմբիշին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ` Թևանյանը դուրս մնաց պայքարից։
Արման Ավագյանի առաջին գոտեմարտը հաջող ստացվեց։ Արմանը բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ռուստամ Ռասուևին։ Բայց հաջորդ գոտեմարտում Արմանը 4։8 հաշվով պարտվեց իրանցի Մուհամադ Նոխոդիլարիմիին։ Վերջինս հասավ մինչև եզրափակիչ, ու Արման Ավագյանը հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար։
Վաղն աշխարհի առաջնությունում կմեկնարկի Հայաստանի վերջին՝ չորրորդ մասնակիցը ազատ ոճի ըմբիշների մրցումներում։ Արման Անդրեասյանը 74 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Անիլ Կառունա Պելի Գեդարա(Շրի Լանկա) – Էռնազար Ախմատալիև (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։