ՌԱԴԻՈ

Ալիևը հայտնվել է անհարմար վիճակում, կամ Արցախի կարգավիճակը` միջազգային առևտրի թեմա

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի Արցախի կարգավիճակի հարց այլևս գոյություն չունի։
Sputnik
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվել է բավական անհարմար վիճակում։ Նա հասկացել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով պետք է շարունակել ինչ-որ գործընթաց, որովհետև անկասկած Արցախի կարգավիճակի առումով քննարկման օրակարգ կա։ Այսպես է կարծում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրեց իր տեսակետը։
«Ալիևը տարիներ շարունակ հայտարարում էր, որ եթե հայկական կողմը չգնա Ադրբեջանի շահերին համապատասխան զիջումների, ապա իրենք խնդիրը կլուծեն ուժային ճանապարհով։ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, իրենց համար ավելի հարմար մարդիկ եկան իշխանության, և իրենք կարողացան խնդիրն իրենց պատկերացմամբ այդ շրջանակում զգալի մասով լուծել։ Խոսքը արցախյան վերջին հակամարտության արդյունքում կորսված տարածքների և Հայաստանի համար Արցախի մասով ռազմավարական ոչ շահեկան դիրք արձանագրելու փաստի մասին է»,– նշեց քաղաքագետը։
ՌԱԴԻՈ
Երևանը կարող է օգուտ քաղել Ալիևի հերթական հոխորտանքից. Բալասանյան
Ղևոնդյանի կարծիքով` Ադրբեջանի դիրքերը շոշափելիորեն ամրապնդվել են և միայն ռուս խաղաղապահների գործոնի շնորհիվ է հնարավոր դարձել Արցախի լիակատար հայաթափմանն ու կորստին դիմագրավել` աղետից փրկելով արցախահայությանը։
Դրանից հետո Ալիևն առանց երկար–բարակ մտածելու հայտարարեց, որ խնդիրը փաստացիորեն լուծվել է և այլևս Ղարաբաղյան հակամարտություն որպես այդպիսին չկա։
Ըստ Քաղաքագետի` ԵԱՀԿ համանախագահները հասկացան, որ եթե այսպես շարունակվի, իրենք դուրս են մնալու գործընթացից, ուստի սկսեցին խոսել Ղարաբաղյան խնդրի չկարգավորվածության մասին, սկսեցին խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի չիրացման մասին և հայտարարություններ հնչեցրին, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, որովհետև հիմնական խնդիրը` կարգավիճակի հարցը, չի լուծվել։
«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին
«Սա միջազգային առևտրի հարց էր, պարզ է, որ խնդիրը ոչ թե հայ ժողովրդի, Հայաստանի, հայկական կողմի կամ Արցախի շահերի սպասարկումն է, այլ գործընթացից դուրս չմնալը։ Հարցի մյուս կողմն այն է, որ փաստացիորեն հնարավորություն ստեղծվեց տվյալ թեման միջազգային իրավունքի հարթակներում առաջ տանել և այդտեղ ըստ արժանվույն դիրքավորել։ Խնդիրն այն է, որ հայկական կողմն այժմ իր դիրքորոշումների ելակետ չի ընդունում Հայաստանի և Արցախի ազգային շահերը։ Իսկ Ալիևը ենթարկվեց կոնկրետ ճնշումների` հասկանալով նաև, որ եթե ԱՄՆ–ի դեսպանի շուրթերով հնչում են տեքստեր, ապա այնուամենայնիվ այստեղ կարող են ի հայտ գալ նոր խնդիրներ, և ճնշումների աստիճանը շոշափելիորեն կարող է մեծանալ»,– նշեց քաղաքագետը։

Ղևոնդյանի դիտարկմամբ` Ալիևը հայտնվել է բավական անհարմար վիճակում, քանզի մի կողմից պետք է իր հասարակությանը ներկայացնի, որ խնդիրն այդուհանդերձ կարողացել է լուծել և այլևս Ղարաբաղի համար կարիք չի լինի պայքարել, բայց մյուս կողմից պետք է կարողանա դիմագրավել միջազգային ճնշումներին` ընդունելով, որ խնդիրն այնուամենայնիվ լիարժեքորեն չի լուծվել։

Նշենք, որ իսպանական EFE տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ղարաբաղի կարգավիճակի թեմային վերադարձ չկա, կարգավիճակ չկա, և բոլոր կողմերը պետք է մոռանան այդ մասին։
Պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի. Ալիև
Ադրբեջանի նախագահը ափսոսանք է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ մի շարք երկրներ շարունակում են բարձրաձայնել Ղարաբաղի կարգավիճակի թեման։