Ըմբաշամարտի աշխարհի հերթական առաջնությունը որոշ հայտնի ըմբիշներ բաց են թողնում օլիմպիական խաղերի մասնակցությունից հետո, ոմանք էլ ապաքինվում են վնասվածքներից։ Բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնալու գորգի վրա ծավալվող պայքարին։ Մեդալների համար Հայաստանից պայքարի մեջ են մտել ազատ ոճային 4 և հունահռոմեական ոճի 8 ըմբիշներ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ազատ ոճի Հայաստանի ըմբիշներից առաջինը գորգ դուրս եկավ Արսեն Հարությունյանը 61կգ քաշային կարգում։ Եվրոպայի 2019 թվականի չեմպիոնը իր ելույթները հաղթանակով սկսեց՝ պարտության մատնելով Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին։
Վիճակահանության համաձայն՝ Արսենը աշխարհի առաջնությունում իր մեկնարկը վերցրեց 1/8 եզրափակչից։ Ղազախ Ադլան Ասկարովի հետ գոտեմարտի առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 4։8 հաշվով։ Բայց երկրորդ մրցափուլում Արսենը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ չորս միավորի տարբերությունը դեռ ոչինչ չի նշանակում իր մասնակցությամբ գոտեմարտում։ Երկրորդ մրցափուլում մեր ըմբիշւ մրցակցին ուղղակի շնչելու հնարավորություն չտվեց, իրար հետևից վաստակելով 14 միավոր ու մրցակցին տալով ընդամենը 2 միավոր։ Ի վերջո գրանցվեց 18։10 հաշիվը Հարությունյանի օգտին։
Քառորդ եզրափակիչում Արսենի մրցակիցը նախկին ռուսսաստանցի Ալիբեգ Ալիբեգովն էր, որը այս մրցումներում ներկայացնում է Բահրեյնը։ Մեր ըմբիշը տակտիկապես գերազանց մենամարտ անցկացրեց ու հաղթանակի հասավ 8։2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը լինելու է ամերիկացի Դեյտոն Դուեյնը։
Վաղը աշխարհի առաջնությունում մեկնարկ կվերցնեն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արմեն Անդրեասյանը։ Իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը գորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին։