Հարավային Կովկասում բավականին շատ խնդիրներ կան, և ոչ մեկի շահերից չի բխում, ի դեմս Վրաստանի, ստանալ լարվածության նոր օջախ, այնպես որ «Սաակաշվիլ»ի պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա կարծիքով` Սաակաշվիլու վերադարձը Վրաստան Թուրքիայով կարող է բացատրվել այն հանգամանքով, որ Բաթումը Թուրքիայի համար համարվում է ներքին թռիչքային գոտի և այնտեղ հատուկ ընթացակարգեր նախատեսված չեն, հետևաբար Սաակաշվիլու վերադարձի մասին Վրաստանի իշխանությունները սկզբից կարող էին և տեղյակ չլինել, ասաց Բալասանյանը։
«Սա տեղավորվում է հետխորհրդային տարածքում անկայունության օջախներ ստեղծելու՝ Արևմուտքի պլանների մեջ։ Բելառուսում դա չհաջողվեց, որտեղ չկարողացան գործարկել Ուկրաինայի սցենարը, հետևաբար անհրաժեշտ է անկայունության նոր օջախ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ և բովանդակ Հարավային Կովկասում։ Արևմուտքին դուր չի գալիս, որ Վրաստանի իշխանությունները փորձում են ինքնուրույն քաղաքականություն վարել, որը չի տեղավորվում Արևմուտքի արտաքին քաղաքականության պատկերացումների մեջ»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի գնահատմամբ` վարչապետ Ղարիբաշվիլին փորձում է և՛ հայ–ադրբեջանական, և՛ հայ–թուրքական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնել` բարձրացնելով Վրաստանի դերակատարությունը, ինչը դուր չի գալիս Արևմուտքին, քանի որ վերջինս հսկայական միջոցներ ծախսեց Սաակաշվիլուն իշխանության բերելու և Վրաստանն իրենից կախման մեջ գցելու համար։
«Բոլորին է հայտնի, որ Սաակաշվիլին նաև հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ է և ակնհայտ է, որ եթե նրան հաջողվեր հեղափոխություն կամ հեղաշրջում անել, ապա կստեղծվեր բավականին պայթունավտանգ իրավիճակ Հարավային Կովկասում և այն փխրուն հաջողությունները, որոնք արձանագրվել են վրաց–ռուսական հարաբերություններում, կարող էին ի չիք դառնալ։ Մինդեռ ակնհայտ է, որ վրաց–ռուսական հարաբերությունների կարգավորումը լավ է նաև Հայաստանի համար»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ`Վրաստանի իշխանությունը կձեռնարկի համապատասխան քայլեր, որպեսզի երկրում չլինի իրավիճակի ապակայունացում, որովհետև Սաակաշվիլու ակտիվացումը Վրաստանում տեղավորվում է միմիայն թուրք–ադրբեջանական տանդեմի շահերի մեջ։ Ըստ նրա` անկայուն Վրաստանը հնարավորություն է անկայունացնել Հյուսիսային Կովկասը և կապուղիների հետ կապված խնդիրներ հարուցել նաև Հայաստանի ու Իրանի համար։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախօրեին ձերբակալվել է Վրաստանում։
Նրա դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։