ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա այդ մասին ասել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, այս էջը շրջվել է: Սա շատ կարևոր է»,– նշել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մեկ հանդիպում տեղի է ունեցել, որն անցկացվել է եռակողմ ձևաչափով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել էր 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում էր, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ` տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը համաձայնեցնելու նպատակով։