ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի բանտից նամակ է գրել իր կողմնակիցներին։ Նամակում նա բացատրում է, թե ինչու է վերադարձել Վրաստան, համախոհներին կոչ է արել գնալ ընտրությունների և, չգիտես ինչու, ամեն ինչում մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Երբ ես Կիևում ամեն ինչ թողեցի և եկա այստեղ, գիտեի, որ ինձ ամենայն հավանականությամբ կձերբակալեն ամբողջովին շինծու, կեղծ դատավճիռների հիմքով, որոնք ժամանակին կայացվել էին այդ թվում Պուտինի հրահանգով։ Աշխարհի ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից, չի ճանաչում այդ դատավճիռները։ Բայց ես այնուամենայնիվ եկա, քանի որ հավատում եմ իմ երկրին և ձեզնից յուրաքանչյուրին»,-գրված է նամակում։
Սաակաշվիլին իր հանդեպ դատավճիռները «Պուտինի պատվեր» է անվանում և հավատացնում, որ Ռուսաստանը դրանք ճանաչող միակ երկիրն է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։