Մենք բավական լիբերալ ենք. Թորոսյանը՝ պատվաստումների ու հակասական հայտարարությունների մասին

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արսեն Թորոսյանն ընդունել է` ժամանակին ինքն էլ էր հերքում թե՛ հիվանդության վտանգավորությունը, և թե՛ դիմակների էֆեկտիվությունը։ Նա նաև բացատրել է, թե ինչու է փոխել կարծիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հանրության մեջ կան խմբեր, որոնք միտումնավոր կասկածի տակ են դնում նախ կորոնավիրուսի գոյությունը, հետո` դիմակների էֆեկտիվությունը, հիմա էլ` պատվաստումների իսկությունը, էֆեկտիվությունը, անվտանգությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, գնահատելով կորոնավիրուսի դեմ պայքարի ներկա փուլը, ասել է առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։
Նախկին նախարարն ընդունեց` ժամանակին ինքն էլ էր հերքում թե՛ հիվանդության վտանգավորությունը, թե՛ դիմակների էֆեկտիվությունը։
Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. ՀՀ առողջապահության նախարար
«Ես նույնպես իրար հակասող հայտարարություններ եմ արել ժամանակին, բայց դա պայմանավորված է եղել հիվանդության կամ մարտահրավերի նոր լինելով, որվհետև մենք շատ բան չենք իմացել դրա մասին։ Նույնը եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Եվ մենք, ինֆորմացիայի և փաստերի ստացմանը զուգընթաց փոխել ենք մեր թե՛ հայտարարությունը, թե՛ վարքագիծը»,– ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածման առաջին փուլում իրենք հայտարարում էին, որ դիմակներ պետք է կրեն միայն պացիենտներն ու բժիշկները, քանի որ դեռ չգիտեին հիվանդության վարակելիության աստիճանը։ Բայց իմանալուց հետո արդեն հասկացան, որ տարածման շղթաները կոտրելու համար դիմակ պետք է կրեն բոլորը։ Բացի այդ, Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում 2020թ–ի գարնանը բժշկական դիմակների լուրջ դեֆիցիտ կար, ու կառավարության քայլերը, նրա խոսքով, նաև այդ հանգամանքն էին հաշվի առնում։
ԵՄ-ում հայաստանյան պատվաստումների սերտիֆիկատների ճանաչման հարցը ընթացքի մեջ է. ԱՆ
Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, Արսեն Թորսյանի խոսքով` ինֆորմացիայի դեֆիցիտ այսօր այլևս չկա, և Հայաստանն իր քայլերն իրականացնում է աշխարհի այլ երկրներին համահունչ, այդ թվում` պատվաստումների հարցում։
«Մարդիկ առաջնորդվում են միֆերով, որ լսել են ինչ–որ տեղից, թե սա վատն է, սա` լավը, առաջնորդվում են ապատեղեկատվությամբ։ Նույնիսկ պատվաստանյութեր արտադրողները ինֆորմացիոն պատերազմներ են մղում իրար դեմ, և մարդիկ դրանց զոհ են դառնում»,– ասաց Թորոսյանը` հայտարարելով, որ Հայաստանում այսօր առկա բոլոր պատվաստանյութերը անվտանգ են ու արդյունավետ։
Միաժամանակ Թորոսյանը կոչ է անում քաղաքացիներին տուրք չտալ ասեկոսեներին ու պատվաստվել։
ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել
Հոկտեմբերի 1-ից պարտադիր պատվաստվելու կամ 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտություն անցնելու` առողջպահության նախարարի հրամանը նախկին նախարարը իրավաչափ է համարում` հիշեցնելով, որ շատ ավելի զարգացած ու ժողովրդավարական երկրներում առանց պատվաստման հավաստագրի քաղաքացիներն անգամ սննդի կետ, խանութ կամ փոստային բաժանմունք չեն կարող մուտք գործել։
«Ես կարծում եմ, որ մենք դեռ բավական լիբերալ ենք այդ մասով։ Մենք պարտավոր ենք պաշտպանել բոլոր մեր քաղաքացիների կյանքի իրավունքը, և մեր բոլոր այն քաղաքացիները, որոնք չունեն հակացուցումներ, պետք է պատվաստվեն` պաշտպանելու համար նաև այն քաղաքացիներին, որոնք հակացուցումներ ունեն։ Մեր տատիկը, քույրը, երեխան հնարավոր է ունենան հակացուցումներ, և մենք չպատվաստվելով՝ նրանց դնում ենք վտանգի տակ»,–ասաց նախկին նախարարը։
Պարտադիր պատվաստումը միգուցե ամենալավ միջոցը չէ, բայց կա՞ արդյոք ավելի լավը
Որպես վերջաբան Արսեն Թորոսյանը նշեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները` ինքը, ծնողները, կինը պատվաստված են ու հետագայում էլ պատվաստվելու են այնքան ժամանակ, քանի դեռ առողջապահության նախարարությունը կշարունակի նման պահանջ ներկայացնել։
Հիշեցնենք` 2020թ–ի հունվար–փետրվարին Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը հերքում էին ՀՀ–ում կորոնավիրուսի վարակի վտանգավորությունը։
Իսկ մարտի 19-ին Հայաստանում հայտարարված «լոք դաունի» առաջին օրը հրավիրված մամուլի ասուլիսում Թորոսյանը լրագրողներին ասել էր, որ սովորական դիմակներն իրականում չեն պաշտպանում վիրուսից, քանի որ վիրուսը շատ ավելի մանր է, քան դիմակի վրա առկա անցքերը։