ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի ակցիան ցրելու համար:
Ինչպես հայտնում է ՀՅԴ պաշտոնական կայքը, ակցիայի մասնակիցներին նախ դեսպանատան աշխատակիցներն են խնդրել հեռանալ: Բայց նրանք հրաժարվել են՝ պնդելով, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտում: Դրանից հետո դեսպանատան անվտանգությունն է հավաքվածներին հորդորել հեռանալ, ապա դեսպանատան տարածք ոստիկաններ են ժամանել։
Ըստ կայքի` երիտասարդների հարցին, թե արդյո՞ք իրենք որևէ օրենք են խախտում, ոստիկանները բացասական պատասխան են տվել:
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան մոտ հավաքված երիտասարդ դաշնակցականներն իրենց լուռ բողոքն են արտահայտել այդ պահին դեսպանատան շենքում անցկացվող Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառման դեմ՝ այն որակելով վիրավորական, քանի դեռ հայ ռազմագերիները գտնվում են Բաքվում:
Ակցիայի մասնակիցների համոզմամբ, հայաստանյան դիվանագիտության համար հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ:
ՀՅԴ-ական երիտասարդները դեսպանատուն են եկել Արցախի դրոշներով, Եռաբլուրի լուսանկարներով, որոնց վրա գրված է եղել. «Ի՞նչ եք դուք նշում»։