ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքականության գաղափարայնացումն ու մեսիականությունը դեպի պարտություն և առճակատում տանող ուղիներ են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի 21-րդ վեհաժողովում։
«Ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության գաղափարայնացումը պարտության տանող ճանապարհ է»,-ասել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ մեսիականությունն ըստ էության առճակատային բան է, «այն շեղում է իրական ազգային շահերից»։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի նպատակն է անվտանգության, տնտեսական խնդիրների և քաղաքացիների սոցիալական վիճակի տեսանկյունից առավելագույնս բարենպաստ արտաքին պայմաններ ստեղծել ՌԴ ներքին զարգացման համար:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններում «չունի գաղափարայնական հակումներ, գաղափարայնական տաբուներ»։