ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։
Ինչպես հայտնում են վարչապետի գրասենյակից, Լիտվայի Հանրապետություն Փաշինյանին հրավիրել է այդ երկրի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։ Վիլնյուսում նրանք բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն։
Բանակցությունների ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ու Ինգրիդա Շիմոնիտեն համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն, որի շրջանակում հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Այցի օրակարգում նախանշված են Փաշինյանի հանդիպումները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ինչպես նաև` Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Փաշինյանը նաև ծաղկեպսակ կդնի Լիտվայի անկախության համար զոհվածների հուշակոթողին, կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, կծանոթանա լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։ Իսկ Կաունաս քաղաքում ՀՀ վարչապետը ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։