ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Երևանում այսօր կայացավ «Ալյանս» կուսակցության 9-րդ համագումարը, որին մասնակցում էր նաև գործարար Տիգրան Արզաքանցյանը։
Համագումարում կուսակցության անդամները նոր ղեկավարներ ընտրեցին։
Կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով, ի դեպ, ինքն իրեն «դեմ» քվեարկեց։ Վարչության ղեկավարի պաշտոնում Տիգրան Ուրիխանյանին փոխարինեց «Ադամանդ-Կ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը, իսկ բարձրագույն խորհրդի ղեկավար ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը։
«Ես եղել ու կամ ընդդիմադիր այնքան ժամանակ, մինչև չվերցնեմ իշխանությունը Հայաստանում»,- իր ելույթում հայտարարեց Ուրիխանյանը։
Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են անվտանգ, հարուստ, զարգացած ու ժամանակակից երկիր կառուցել։
«Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավարության հետ հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են ու պատրաստ ենք միմյանց հետ ճանապարհ անցնել, որպեսզի Հայաստանն այս ցնցումների մեջից հանենք»,- ասաց Արզաքանցյանը:
Հիշեցնենք` Տիգրան Արզաքանցյանը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ անդամագրվել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը և գլխավորել այդ քաղաքական ուժի նախընտրական ցուցակը։
Սեպտեմբերի 25 -ին կայացած ասուլիսում Տիգրան Արզաքանցյանը, սակայն, հայտարարել էր, որ իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Որպես պատճառ նա ասել էր, որ իրենք տարբեր հայացքներ ունեն արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Բացի այդ, նրա խոսքով, որոշ պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորապես`միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն, սակայն Արզաքանցյանը տարբեր աղբյուրներից իմացել է, որ Արամ Սարգսյանն առանց իր գիտության հանդիպել է ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։