ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հիացրել է իր երկրպագուներին։ Նա այս անգամ դիմահարդարմամբ կրկնօրինակել է աշխարհահռչակ «Ավատար» ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Նեյիտիրին, որին մարմնավորում է դերասանուհի Զոի Սալդանան։
«Գասպարն ինձ չճանաչեց, իսկ դուք ինչպես եք գնահատում իմ կերպարը»,–գրել է դիմահարդարը։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։
««Ես շոկի մեջ եմ, ինչպե՞ս եք դա արել», «Վախ, ինչ լավ է ստացվել, գժվել կարելի է», «Խոսքեր չունեմ, Գոհար, դուք տաղանդ եք»»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։