ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա փեսացուն՝ Սեմ Ասղարին, մտադիր են խնամակալության վերջնական դադարեցումից հետո նոր տուն գնել։ Տեղեկությունը հայտնում է TMZ–ն։
«Բրիթնի Սփիրսն ու նրա փեսացուն պատրաստ են նոր համատեղ կյանք սկսել․․․ Բայց նոր տանիքի տակ և առանց խնամակալության սահմանափակումների»,-գրում է կայքը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` Սփիրսն ու Ասղարին ուզում են սպասել, մինչև երգչուհին կարողանա լիովին կառավարել իր ֆինանսները։
Թե որտեղ է զույգն ուզում տուն գնել, հստակ տեղեկություն չկա, սակայն Սփիրսի մտերիմները հայտնել են, որ նա տարբերակներ է փնտրում Հոլիվուդի շրջակայքում։
Հիշեցնենք` ամերիկյան դատարանը սեպտեմբերի 29-ին Բրիթնի Սփիրսի հորը պաշտոնապես զրկեց նրա կյանքը վերահսկելու իրավունքից։ Այսպիսով, Ջեյմս Սփիրսն այլևս դստեր խնամակալը չէ։ Նրա ֆինանսները ժամանակավորապես կտնօրինի աուդիտորը, որի թեկնածությունը երգչուհին ինքն է առաջարկել․ նոր խնամակալ է նշանակվել աուդիտոր Ջոն Զաբելը։ Հենց նա է ժամանակավորապես տնօրինելու Բրիթնիի կարողությունը, որը գնահատվում է մոտ 60 մլն դոլար։