ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Արցախից տեղափոխված ընտանիքներին օգնելու համար Գյումրիի Ռուսական տունը և Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի Գյումրու մասնաճյուղը հոկտեմբերի 2-ին կազմակերպել էին բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կփոխանցվի Արցախից տեղափոխված և Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքներին:
Հասակակիցներին ինչ-որ չափով աջակցելու համար գեղագիտական կենտրոնի 4 -ից 11 տարեկան սաները ներկայացրել էին իրենց աշխատանքները: Օրն առավել հետաքրքիր դարձնելու համար տեղի ունեցավ նաև մեղրաբլիթ նկարելու վարպետության դաս, որը վարեց Գյումրիի Ռուսական տան ռուսաց լեզվի մասնագետ Աննա Էմկեն:
«Գյումրիի Ռուսական տան կազմակերպած բարեգործական ցուցահանդեսի նպատակը Լեռնային Ղարաբաղից եկած ընտանիքներին օգնելն է, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար»,- նշեց Երևանում Ռուսական տան մշակութային և պատմական նախագծերի վարչության պետ Անդրանիկ Արզումանյանը: Ի դեպ, վաճառվող աշխատանքների առաջին գնորդը հենց նա էր. Արզումանյանը գնեց 11-ամյա Սոնա Մելքոնյանի գծանկարը:
«Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ-ի ղեկավար Գոհար Ղազարյանն իր համար ընտրեց սրտաձև մեղրաբլիթի նկար: Նրա խոսքով՝ մեղրաբլիթն իր համար խորհրդանշում է սերն Արցախի նկատմամբ:
Միջոցառմանը ներկա էին նաև Գյումրիի Ռուսական տան ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անտոն Բերյանևը, Երևանի Ռուսական տան թիմը, Գյումրու երեխաների աջակցության կենտրոնի սաները, հյուրեր Վանաձորից: Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական հայրենասիրական երգեր:
Բարեգործական օրվա ընթացքում հավաքված բոլոր միջոցները տրամադրվելու են Գյումրիում բնակվող արցախցի ընտանիքներին: