ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կրեմլը Վրաստանում իրավիճակի ապակայունացման ռիսկ չի տեսնում երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերադարձի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսօր առավոտյան քաղաքական գործիչը տեսաուղերձով հայտարարել է, որ գտնվում է Բաթումիում։ Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին հոկտեմբերի 2-ին՝ տեղական ընտրությունների օրը, հավաքվել քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում: Ընդ որում՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է Սահակաշվիլիի վերադարձի մասին լուրը։
«Որտեղ Սահակաշվիլին է, այնտեղ կրկես է։ Կարևոր է, որ այդ կրկեսը վտանգ չներկայացնի երկրի քաղաքացիների համար, որտեղ գտնվում է այդ պարոնը։ Ուստի, փառք Աստծո, դա մեր խնդիրը չէ... Առայժմ մենք ոչ մի ռիսկ (իրավիճակի ապակայունացման) չենք տեսնում»,-ասել է Պեսկովը։
Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։