Մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից. ՄԻՊ–ը` պետպատվերի սպառման մասին

Պետպատվերի ծավալների սպառման հետևանքով մարդիկ անելանելի վիճակում են հայտնել, քանի որ անվճար բուժօգնություն այլևս չեն ստանում։ Արման Թաթոյանն անդրադարձել է այս անհետաձգելի խնդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ–ում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով պետպատվերի սպառման պատճառով ի հայտ եկած խնդիրներին։

«ՄԻՊ աշխատակազմն առանձնազրույցներ է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող ՀԿ–ների հետ: Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ պետպատվերը սպառված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում իրացնել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Արդյունքում խախտվում են մարդկանց իրավունքները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Օրինակ՝ մի դեպքում 1-ին խմբի զինհաշմանդամություն ունեցող անձը տարել է կաթված և հետազոտությունների, բուժսպասարկման նպատակով շտապ օգնության համար տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Հիվանդանոցներում հրաժարվել են նրա բուժսպասարկումն իրականացնել պետպատվերի շրջանակներում՝ պատճառաբանելով, որ սպառվել է գումարը, իսկ հիվանդանոցներից մեկում էլ հայտնել են, որ բուժսպասարկումը կիրականացվի վճարովի հիմունքներով: Որոշ ժամանակ անց նույն մարդու առողջական վիճակը վատթարացել է, առաջացել է կրկնակի կաթվածի վտանգ, և բժիշկը տրամադրել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ուղեգիր, սակայն պետպատվերի շրջանակում այն իրականացնել այդպես էլ չի հաջողվել:
Որոշ դեպքերում մարդիկ բուժհաստատություններում ուղղորդվել են հետազոտությունների կամ բուժօգնության նպատակով հերթագրվել հաջորդ տարվա համար:
ՄԻՊ–ը երեխաների իրավունքների վերաբերյալ 485 դիմում–բողոք է ստացել
Մեկ այլ դեպքում հաշմանդամություն ունեցող երեխային տրամադրվել է Երևանում դժվարամատչելի հետազոտության ուղեգիր։ Երեխային հետազոտելու նպատակով մարզից տեղափոխել են Երևան, սակայն չեն կարողացել օգտվել անվճար բուժսպասարկումից պետպատվերի հատկացված քանակը սպառված լինելու պատճառով:
Թաթոյանը նկատում է, որ պետպատվերի՝ ժամանակից շուտ սպառման դեպքեր արձանագրվել են նաև նախորդ տարիներին, բայց այդ խնդիրն առաջ է եկել տարեվերջին, ոչ թե մի ամբողջ եռամսյակ առաջ կամ ինչպես ներկայում։

«Պաշտպանն արձանագրում է, որ որպես համակարգային խնդրի լուծում պետք է դիտարկել բուժման պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պետության պարտադիր մասնակցության պայմանով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան էլ անդրադարձել էր այս խնդրին. հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հայտնվել են անելանելի վիճակում` պետպատվերի ծավալների սպառման հետևանքով վերականգնողական բուժում չի տրամադրվում։ Նրանք դիմել են առողջապահության նախարարին, քանի որ երեխաների մոտ ձեռք բերած ունակությունների հետզարգացում է գնում։