ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանի համար Սյունիքի ճանապարհը, իսկ փաստացի Իրան–Հայաստան սահմանի փակումն ադրբեջանցիների կողմից կենսական նշանակություն ունի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Նա նշեց, որ 3-4 օր է, ինչ խայտառակ լարվածություն է գեներացվում իրանա–թուրքական սահմանին։
«Իրանը միշտ փորձագետների մակարդակով հայտնել է, որ երբեք թույլ չի տա, որ ՀՀ–Իրան ճանապարհը երրորդ պետության վերահսկողության ներքո լինի։ Սակայն Իրանն այժմ այլ վտանգների առաջ է կանգնած. Իսրայելը 1 ամիս առաջ հայտարարեց, որ Իրանը կարմիր գիծը հատել է միջուկային զենք արտադրելու մասով։ Իսրայելն անթաքույց ասաց, որ հարվածելու է Իրանին, և պարզ է, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես մի բազա, որտեղից էլ հնարավոր է հարվածել Իրանին»,–ասաց Աբովյանը։
Նրա խոսքով` Իրանը հստակ ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական գործողությունների, եթե վտանգված լինի Իրանի սահմանը ՀՀ–ի հետ։ Իսկ Իրան-Հայաստան սահմանը վտանգված կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում։
Աբովյանը հավելեց, որ Նախիջևանի, Ադրբեջանի սահմանին մեծաթիվ տեխնիկայի առկայությունը փաստում է, որ Իրանը չի հանդուրժի իր հետաքրքրությունների անտեսումը թուրքերի կողմից։ Նրա խոսքով` ռազմական գործողությունները ծավալվելու են ՀՀ տարածքում, իսկ մեր իշխանությունները վարդագույն երազներով են ապրում, և լուրջ ազդակներ չկան։
«Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրենց դիրքորոշումները հստակ արտահայտում են` ասելով, որ Հայաստանի տարածքն իրենց պատմական հողերն են և իրենք «վերադառնալու» են այնտեղ։ Իսկ ՀՀ իշխանությունն ի՞նչ դիրքեր ունի, ինչո՞վ է գնում բանակցությունների, Արցախի անկախության թեզն ինչո՞ւ չի հնչեցվում։ Եթե նեոգլոբալիստական տեսլականով են ներկայիս իշխանություններն առաջ գնում, ապա ՀՀ–ն ծայրագույն վտանգների առջև է կանգնած»,–ասաց Աբովյանը։
Նրա խոսքով` պետք է վերանայել արտաքին քաղաքական վեկտորը և ազատվել պատերազմը ՀՀ տարածք մոտեցնելուց։ Ըստ Աբովյանի` անհրաժեշտ է նաև մեր հարաբերություններն ընդլայնել Ռուսաստանի հետ, քանի որ այսօր տարածաշրջանում մեր և ՌԴ–ի կենսական հետաքրքրությունները համընկել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից ադրբեջանցիները Իրանի բեռնատարներից «մաքսավճար» են պահանջում Կապան-Գորիս մայրուղով երթևեկելու համար։ Ավելին` երկու իրանցի վարորդներ էին ձերբակալվել։