ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

Երկաթգիծ
Նախարարները համակարծիք են եղել, որ հարևանների միջև փոխշահավետ համագործակցության ավելացումը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության միջոցների առաջխաղացումը և հարևանների միջև փոխշահավետ համագործակցության ավելացումը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունները
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը տարածաշրջանում։ Հայաստանը տրանսպորտային կապ է ապահովում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այդ կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվում է տրանսպորտային ուղի Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։