ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման իրավաչափության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատական ակտը կհրապարակվի 2021 թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին»,–նշել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Հովսեփյանը կալանքի տակ է սեպտեմբերի 7-ից` 2 ամիս ժամկետով։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):